ԱՄՆ եւ Եվրամիության պահանջների քողարկման տակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, Բաքվում լրագրողներին է հաղորդել Հարավային Ադրբեջանի ազգային շարժման պաշտպանության կոմիտեի նախագահ Ջահանդար Բայօղլուն: Նրա խոսքերով, համագործակցությունն այնպիսի քաղաքական գործիչի հետ, ինչպիսին Էրդողանն է, կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կորստին: Թուրքիայի վարչապետը պատրաստ է ցանկացած պահի զոհաբերել Ադրբեջանի եւ Հյուսիսային Կիպրոսի շահերը, գտնում է Բայօղլուն: Որպես օրինակ նա բերել է Հյուսիսային Կիպրոսի հետ կապված իրավիճակը, երբ Էրդողանի վարած քաղաքականությունը ստիպել է Իլհամ Ալիեւին հանդես գալ կղզու թուրքական մասի անկախության ճանաչման մասին հայտարարությամբ, իսկ «արդյունքում, հանրաքվեից հետո, պարզվել է, որ Բաքուն դեռեւս չի պատրաստվում ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը»:





