«Երկիր» օրաթերթը գրում է, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), ով վերջերս հայտարարում էր, թե իր բիզնեսը պատկանում է կնոջը, իսկ կինն էլ հրաժարվում է օգնել կողակցին, դատելով գործողություններից, «փող է ճարել» և բավական շատ:
«Նա ամեն օր այցելում է ընտրատարածքի մեկ-երկու դպրոց, հավաքում ուսուցչական և ծնողական կազմերին, իբրև թե միջոցառում անցկացնում, միջոցառման ակտիվ մասնակից տղաներին բաժանում բջջային հեռախոսներ, աղջիկներին` ֆեն, իսկ որոշ երեխաների ծնողների` 500 դոլար: Իսկ ահա թիվ 8 ընտրատարածքում Լֆիկի քրոջ փեսայի քարոզարշավն ընթանում է` բոլոր դպրոցներում կեղծ ծնողական ժողովներ հրավիրելով (դասղեկներին զգուշացրել են, որ եթե յուրաքանչյուրը 20 ծնող չապահովի` կազատեն աշխատանքից): Որոշ ծնողներ, գալով դպրոց, երբ հասկանում են, թե ինչի համար են իրենց «բերման» ենթարկել, ցանկանում են հեռանալ, բայց դպրոցի դռները փակում են, այսինքն «պատանդ» են պահում և ասում, որ հանդիպման ավարտից հետո միայն կբացվեն դռները: Այստեղ էլ են փող, բջջային հեռախոս ու ֆեն բաժանում: Առանձին ուսուցիչների էլ 100-500 դոլար են տալիս»,- գրում է թերթը:





