AM
24 Ապրիլ 2012 - 07:37 AMT

«Հայացք». ՀՀԿ-ականները հիշել են իրենց վաղեմի «գործընկերներին»

«Հայացք» օրաթերթը գրում է, որ իրենց հասած տեղեկություններով` առաջիկա ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ականները դիմում են իրենց «ընկեր» քրեական մի շարք հեղինակությունների` ակնկալելով նրանց «հհկանվեր» գործուն միջամտությունը հատկապես այն ընտրատարածքներում, որտեղ ՀՀԿ-ն կասկածում է իր հաջողությունների վերաբերյալ:

Նման ընտրատարածքներից մեկն էլ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6 ընտրատարածքն է: Այստեղ պատգամավորության թեկնածուներ են առաջադրվել գրեթե բոլոր ուժերից` ՀՀԿ-ից` Ռուբեն Հովսեփյանը, ԲՀԿ-ից` Վահան Կարապետյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ-ից`Ավետ Պողոսյանը:

Սակայն հիմնական մրցակցությունը ծավալվում է ԲՀԿ-ից Վահան Կարապետյանի և ՀՀԿ-ից Ռուբեն Հովսեփյանի միջև, որը Աջափնյակ շրջանի ղեկավարն է: Ոչ մի կերպ տանուլ չտալու նպատակադրմամբ, իշխանական ուժերը հիշել են իրենց վաղեմի, սակայն հասկանալի պատճառներով ծածուկ պահվող «գործընկերներին», մասնավորապես ոմն Կոմենսկոյի, որը հայտնի է որպես քրեական հեղինակություն:

«Ի դեպ, Աջափնյակում իրենց քարոզչությունն իրականացնելու նպատակով ՀՀԿ-ն, մեղմ ասած, «վերցրել է» նաև Շինարարներ փողոցի վրա գտնվող և ՀՅԴ որոշ անդամների պատկանող սննդի մի օբյեկտ-ռեստորան` այն վերածելով իր ընտրական շտաբի: Դաշնակցական գործիչներն էլ չեն կարողացել դրան ընդդիմանալ»,- գրում է թերթը: