AM
24 Ապրիլ 2012 - 07:40 AMT

«Հրապարակ». ՀՀԿ նախընտրական շտաբն ըստ էության գոյություն չունի

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ լուրերը, թե ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը չի այցելում ՀՀԿ նախընտրական շտաբ, չեն համապատասխանում իրականությանը: Ըստ թերթի` նա ժամանակ առ ժամանակ լինում է շտաբում, մասնավորապես երեկ տևական ժամանակ գտնվել է շտաբում: Այլ հարց է, որ ՀՀԿ նախընտրական շտաբն ըստ էության գոյություն չունի, քանի որ այդ շտաբը մատնված է անգործության, և նույնիսկ այնտեղ գնացողները դա անում են զուտ արարողակարգային իմաստով: Սերժ Սարգսյանն անձամբ և միայնակ է իրականացնում նախընտրական քարոզարշավը և շատ հազվադեպ է լինում իր նախընտրական շտաբում: ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներն ասում են, որ նախագահ Սարգսյանը նախագահականում է հանդիպում անհրաժեշտ մարդկանց հետ, տալիս հանձնարարություններ կամ ձեռք բերում համաձայնություններ: «Շտաբի անհրաժեշտությունը վերացավ այն ժամանակ, երբ ՀՀ ընտրատարածքները բաժանվեցին ըստ մարզերի, և մարզպետները դարձան մարզային շտաբների ղեկավարներ: Հիմա նախագահ Սարգսյանն անձամբ է աշխատում մարզային շտաբների ղեկավարների հետ, որի արդյունքում կենտրոնական շտաբի անհրաժեշտությունը վերացել է»,-բացատրում է թերթի զրուցակից ՀՀԿ-ականը: Անգործության մատնված ՀՀԿ վերնախավը զբաղված է ինքնագործունեությամբ, դրա իմաստը մերթընդմերթ հարցազրույցներ տալն է, որտեղ հայտարարում են, որ իրենք համոզված են ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակին, քանի որ այն վայելում է ժողովրդի վստահությունը: