AM
24 Ապրիլ 2012 - 08:07 AMT

«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը այլևս ոչ մի ընկերության սեփականատեր չի հանդիսանում

Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ԿԸՀ-ին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, 2012-ի մարտի 1-ի դրությամբ նա այլևս ոչ մի ընկերության սեփականատեր չի հանդիսանում և անգամ բաժնեմաս չունի: 2007-ին նա հայտարարագրել էր 14 ընկրությունների բաժնետոմսեր:

«Հայկական ժամանակ»-ը ենթադրում է, որ նա իր ընկերությունների բաժնետոմսերը գրանցել է հարազատների անուններով: Վերջին մեկ տարում Հայրապետյանն ունեցել է 16 մլն 460 հազար դրամի եկամուտ, որից 3 մլն 51 հազարն ԱԺ պատգամավորի աշխատավարձն է, իսկ մանացածը հայտարարագրել է, որպես «Զարգացման հայկական բանկից» ստացած շահաբաժին: Հայրապետյանի բանկային հաշիվներին 2012-ի մարտի 1-ի դրությամբ եղել են 1 մլրդ 300 մլն դրամ և 19 մլն 300 հազար դոլար: 2007 թվականին նա ունեցել է 1 մլրդ 650 մլն դրամ և 18 մլն 500 հազար դոլար: Նա հայտարարագրել է 5 հողամաս` Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` 2800 ք/մ, Սևանի ափին` 3690 ք/մ, Ավան-Առինջում` 3 հազար ք/մ, Ծաղկաձորում` 2 հա 47 հազար ք/մ և Առինջում` 4 հա մակերեսով: Բանակելի շինություն ունի Պտղնիում` 846 ք/մ և Սևանի ափին` 424 ք/մ մակերեսով: Ռուբեն Հայրապետյանը հայտարարագրել է յոթ ավտոմեքենա, 2007-ին` հինգն էին: Այժմ նա ունի «Մերսեդես Բենց Վիանո», «Լեքսուս L470», «Ռոլս-Ռոյս», «Մերսեդես Բենց S500», «Պորշ-Կայեն», «Կադիլակ Դրիլ», և «Լեքսուս LT 600HL»: «Հին» ավտոմեքենաններից Հայրապետյանի ավտոպարկում մնացել է «Լեքսուս L470»-ը: Մանացածը նա 2007 թվականից հետո է ձեռք բերել: Թերթը նշում է, որ Հայրապետյանը չունի ութ միլիոն դրամը գերազանցող ոչ մի գույք: