Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցվել է հանդիսավոր սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն: PanARMENIAN.Net-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է բազմահազարանոց քայլարշավ` բողոքի ցույց, դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե պատրիարքարանի ճեմարանի բակում նույնպես սուրբ պատարագ է նախատեսված, որը կմատուցվի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի կողմից:
Լիբանանյան «The Daily Star» անգլալեզու օրաթերթում ապրիլի 24-ին տպագրվել է «Ժխտումը ցեղասպանության պես արատավոր է» (Denial as bad as genocide) հոդվածը, որտեղ հղումներ են կատարվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցի որոշ հատվածներին: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին և նշել է, որ չնայած միջազգային ճանաչման գործընթացին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և պատմության աղավաղումը:
Դեսպանը ՀՀ իշխանությունների երախտագիտությունն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու համար:





