AM
26 Ապրիլ 2012 - 06:38 AMT

«Հայկական ժամանակ». Ընտրակեղծիքների մասին էկզոտիկ տեղեկություններ

«Հայկական ժամանակը» գրում է, որ վերջին օրերին թերթի խմբագրությունը էկզոտիկ տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից նախապատրաստվող ընտրակեղծիքների մասին: Օրինակ, ՀՀ բնապահպանության նախարարության մի ներկայացուցիչը թերթին հավաստիացրել է, որ մայիսի 6-ին իրենք քվեարկելու են Եղվարդում` նախարար Արամ Հարությունյանի ծննդավայրում: Ըստ թերթի աղբյուրի, չնայած իրենք Երևանում են հաշվառված, Եղվարդում ստանալու են, այսպես կոչված, 9-րդ ձև, որով և քվեաթերթիկ են ստանալու: Այս տեղեկությունների կապակցությամբ երեկ բնապահպանության նախարարությունից թերթը մեկնաբանություն չի խնդրել, որովհետև, ինչպես գրում է թերթը, դժվար է հավատալ, որ նրանք կասեն` այո, լինելու է նման բան: Մնում է միայն, որ ընդդիմության ներկայացուցիչներն ընտրությունների օրը ձեռքի տակ ունենան նախարարության մի քանի աշխատակիցների լուսանկարներ` մայիսի 6-ին նրանց գործի վրա բռնելու համար: