AM
26 Ապրիլ 2012 - 07:10 AMT

«Ավելին, քան փողը» արտադասարանական դասընթացների ծրագրում արդեն ընդգրկված է 50 դպրոց

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և HSBC բանկի կողմից իրականացվող «Ավելին, քան փողը» արտադասարանական դասընթացներին մասնակցող տարրական դպրոցի շատ երեխաներ արդեն տիրապետում են դրամ վաստակելու և ծախսելու, այն խնայելու և ուրիշների հետ կիսելու գաղտնիքներին:

Կազմակերպիչները հայտնում են, որ այսօր այս ծրագրի մեջ ընդգրկված է 50 դպրոց, որտեղ ՀՊՆ վերապատրաստված ուսուցիչները մարտի վերջից մեծ ոգևորությամբ սկսել են աշխատել տարրական դասարանների աշակերտների հետ:

Եվ առաջին հայացքից բարդ թվացող այս դասընթացը խմբային աշխատանքների, ինտերակտիվ մեթոդների և ուսուցիչների` դասերը վարելու վարպետության շնորհիվ մատչելի և հետաքրքիր է անգամ փոքր տարիքի աշակերտների համար: Ծրագրի հաջողությունը մեծապես կախված է նաև HSBC բանկի կամավորների` ծրագրի աշակերտների հետ սեմինարներ և հանդիպումներ կազմակերպելու հրաշալի հնարավորությունից:

Արդեն մի քանի տարի մեր հանրապետությունում իրականացովող JA More Than Money հայերեն` «Ավելին, քան փողը» ծրագիրը ներառում է գիտելիքներ տնտեսագիտությունից և գործարարությունից: Այն նախատեսվածէ 7-ից 11 տարեկան աշակերտների համար: Ծրագիրը միտված է հասարակագիտությանը, բայց միաժամանակ սերտորեն կապված է մաթեմատիկայի հետ: Դասընթացը արտադասարանական է, այն աշակերտների շրջանում խթանում է նորարարական մտածողության, սեփական դրամը վաստակելու և տնօրինելու հմտությունների զարգացումը` միաժամանակ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը: