AM
26 Ապրիլ 2012 - 07:47 AMT

Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրում հարգել են Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակության օրը, Մոսկվայի նորակառուց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր իրենց հարգանքի տուրքը մատուցելու բյուր նահատակների խնկելի հիշատակին և աղոթք վեր առաքելու նրանց հոգիների հանգստության համար: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվանից հայտնում են, որ եկեղեցու բակում տեղադրված պատմական խաչքարի մոտ ծաղկեպսակներ զետեղելուց հետո, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին Սրբազան հայրն անդրադարձել է օրվա խորհրդին:

«Այո, զրկվեցինք մեր պատմական հայրենիքից, քանդեցին ու այրեցին մեր տաճարները, սրբագիր մատյանները, Դեր Զորը դարձավ հայության անթաղ գերեզմանը, որտեղ գլխատվեցին մեր մայրերն ու քույրերը, սակայն այսօր ոգեկոչելով մեր նախնիների լույս հիշատակը` մենք շարունակում ենք ապրել, քանզի երբեք չենք երկմտել, որ Խաչյալի նկատմամբ հավատարմությունը հարությունն է: Հավատքով ապրված կյանքն է, որ արհամարհում է մահը:Թուրք մարդասպանին չհաջողվեց խաչել մեր ազգին, տեսնել նրան մահի ճիրաններում բնաջնջված»,- ասել է նա:

Սրբազան հայրը նաև ընդգծել է, որ պատմության ընթացքին հաճախ է հայ ժողովուրդը մահվան դեմ հանդիման գնացել, սակայն, աշխարհի վրա չկա ուրիշ մեկ այլ ժողովուրդ, որ այդքան ամուր փարված լինի մահահաղթ խաչին:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, մի շարք քաղաքական, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերարներ, «Հայորդյաց տան» ուսուցիչներ, սաներ, «ՆՈՒՌ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ և այլն: