ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն այսօր Երևանում ամփոփել են Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական և մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը:
Ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում և վերահսկողություն, միջազգային ստանդարտներին համապատասխան բանակցային հմտություններ, վտանգների և ռիսկերի գնահատում, տեղեկատվության կիրառում և հետախուզություն, օրինականություն, հաշվետվողականություն, պատասխանատվություն և թափանցիկություն, ինչպես նաև մամուլի հետ հարաբերություններ և հաղորդակցման մեթոդներ:
«Հասարակական կարգի պահպանումը ողջ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ընտրատեղամասերում ոստիկանության կարևոր պարտականություններից է, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների անցկացման վրա» , – ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
«Ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են ԵՄ- Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Ոստիկանության դերը ընտրական գործընթացում կարևոր է` թափանցիկության և հասարակական վստահության ապահովման առումով», – ասել է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Դասընթացը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` հետամուտ Հայաստանում ընտրական գործընթացների ամրապնդմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ:





