«Հանրային գիտակցության մեջ դաջվել է, որ փոփոխություններն անհրաժեշտ են, որ այսպես այլևս հնարավոր չէ: Խոսքը գնում է որակապես նոր հանրային կյանք կազմակերպելու մասին», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ գովելի փաստ է՝ բոլոր քաղաքական ուժերի նախագծերի առանցքում դրված է փոփոխությունների գաղափարը. «Ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք կարող են իսպառ վերացնել կոռուպցիան, հովանավորչությունը, և ուրախ եմ, որ բոլոր կուսակցությունները ըստ արժանվույն իրենց նախագծերում ներառել են այն»:
PanARMENIAN.Net-ի լրագրողի հարցին, թե որտեղից են գալիս փոփոխությունները՝ հասարակությունն է հասունացել, թե պետությունն է չափազանց վատը, նա պատասխանեց, որ փոփոխությունները հասունացել են մարդկանց մեջ, հանրությունը այս ընտրություններին ներկայանում է ավելի հասունացած: Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ երբևէ կուսակցություննների ցուցակներն այսպես մանրամասն չէին քննարկվել հանրային կյանքում, ինչը վկայում է, որ հանրային գիտակցության մեջ շատ լուրջ տեղաշարժեր կան, հասարակությունը սկսել է հասկանալ, որ կուսակցություններն ունեն բացառիկ պատասխանատու դերակատարում և կուսակցություն ասվածը դա միայն լիդերը չի, այլ նաև ամբողջ քաղաքական թիմը, որն իր հետ գալիս է և կարող է ստեղծել բարենպաստ քաղաքական միջավայր: Եվ երկրորդը, ըստ Հարությունյանի, գնալով ավելի է ամրապնդվում ԱԺ-ի բացառիկ դերը, որը «ոչ թե դակող մի կառույց է, այլ մի հիմնական կառույց», որում ներառված պատգամավորներից են կախված սպասվող փոփոխությունները:
«Այս ամենն ինձ մոտ հիմք է ստեղծում, որ աներկբա պնդեմ՝ հասրակությունն է հասունացած և նոր պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է համարժեք լուծում առաջարկվի»,- ասաց բանախոսը:





