AM
26 Ապրիլ 2012 - 12:05 AMT

Դատախազություն. Որևէ դատապարտյալ դատախազության որոշմամբ ազատ չի արձակվել

Վերջին շրջանում առանձին լրատվության միջոցներով սպրդում են տեղեկություններ, թե ՀՀ դատախազությունը կալանքից ազատում է տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կամ դատապարտյալների: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ այդօրինակ տեղեկություններ տարածող քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները քաջածանոթ են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով ՀՀ դատախազությանը վերապահված լիազորություններին, որոնց թվում է՝ հսկողության իրականացումը հետաքննության և նախաքննության օրինականության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

«Տեղեկացնում ենք, որ դատախազությունը նման գործառույթ չունի և որևէ դատապարտյալ դատախազության որոշմամբ ազատ չի արձակվել: Գիտակցում ենք, որ հանցավորության դեմ պայքարում, անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը կարող են առաջացնել տարբեր ուժերի դժգոհությունը և ընտրական այս փուլում փորձ է արվում դատախազության գործառույթները շահարկել քաղաքական նկատառումներով, ինչն անընդունելի է: Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին քարոզարշավն իրականացնել կոռեկտության սահմաններում և զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց: Եթե կան կասկածներ՝ այս կամ այն մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցների մասին դատախազության որոշումների օրինականության վերաբերյալ, ապա դատախազությունը կոչ է անում լինել առավել առարկայական և նշել կոնկրետ տվյալներ, որոնց առնչությամբ կտրվեն կոնկրետ պատասխաններ»,- նշված է հաղորդագրության մեջ: