AM
26 Ապրիլ 2012 - 13:14 AMT

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում համակարգչային լսարան է բացվել

ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի մասնակցությամբ բացվել է դատապարտյալների համար նախատեսված տեխնիկապես հագեցած համակարգչային լսարան: Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ, քրեկատարողական հիմնարկի դատապարտյալների մեծ մասը տիրապետում է համակարգչին, մի մասն էլ մասամբ է ծանոթ որոշ ծրագրերի: Այսուհետ դատապարտյալները հնարավորություն կստանան կատարելագործելու իրենց գիտելիքները:

Նորաբաց լսարանում նախարարի տեղակալը զրուցել է ժամանակավորապես անազատության մեջ գտվող մարդկանց հետ, որոնց հիմնականում հետաքրքրում էին սահմանափակ տարածքում ուսում ստանալու հնարավորությունները: Այնուհետև «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ Արամ Օրբելյանն այցելել է դատապարտյալների կացարան և հիմնարկի գրադարան, որը վերջերս է համալրվել «Գրքեր՝ դատապարտյալներին» ակցիայի շրջանակներում հավաքված գրքերով: