Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում մասնակցել է Տղամարդկանց առողջության 8-րդ միջազգային կոնգրեսի բացմանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից` Կոնգրեսին մասնակցում են 1500-ից ավելի մասնագետներ՝ ԱՊՀ երկրներից, Հունգարիայից, Չեխիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ պետություններից:
Վարչապետը նշել է, որ առողջապահության ոլորտում Կառավարությունն իրականացնում է մի շարք մեծամասշտաբ ծրագրեր՝ նպատակ ունենալով բնագավառի մի քանի ոլորտներում Հայաստանը դարձնել առաջատար երկիր. «Ձեր համագործակցությունը կօգնի մեզ վեր հանել մեր երկրում առկա համեմատական առավելությունները, մտավոր և գիտական ներուժը, որոշելու համար, թե ինչպիսի ներդրումներ պետք է կատարի կառավարությունը առողջապահության զարգացման աշխատանքները կազմակերպելու համար»:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առողջապահության բնագավառի մասնագետների հանդիպումը թույլ կտա ամրապնդել փոխադարձ կապերը և մշակել ոլորտի զարգացման նոր ուղղություններ:





