ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված ազգային փոքրամասնությունների իրավունքներին նվիրված աշխատաժողովի ընթացքում այսօր մասնակիցներին ներկայացվել է 3 մասից բաղկացած «Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանի» ձեռնարկը:
«Երջանիկ ենք, որ այս ընտրանին վերջապես լույս տեսավ: Հուսով եմ, որ այն ոչ միայն ընթերցման գիրք կդառնա, այլև կկիրառվի Հայաստանի պետական կառույցների առօրյա աշխատանքում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունդուլովը:
Հրապարակման մեջ ներառված են ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող դրույթներ ՀՀ օրենսդրությունից և միջազգային փաստաթղթերից: Ընտրանին ընդգրկում է փաստաթղթերի` ՀՀ ԱԳՆ կողմից տրամադրված պաշտոնական թարգմանություններ, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և այլ կազմակերպությունների կողմից իրականացված ոչ պաշտոնական թարգմանություններ:





