Հայաստանը եւ Ադրբեջանը գիտակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, քանի որ դա բարդացնում է տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Այդ մասին, ամփոփելով մայիսի 13-ին Սթարսբուրգում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հանդիպումների արդյունքները, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Թերի Դեւիսը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Եվրախորհրդում, Դեւիսն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները կայունության եւ ֆինանսական աջակցության կարիք ունեն: Մինչդեռ, հսկայական բյուջետային միջոցներ են ուղղվում ռազմական ծախսերի ֆինանսավորմանը: Սակայն ամենաբարդը այդ երկրներում շարունակում է մնալ մարդասիրական իրավիճակը, նշել է զեկուցողը` ավելացնելով, որ մեծաթիվ փախստականները, պաշտպանության գծով հսկայական ծախսերը, ներքին եւ տարածաշրջանային անկայունությունը ստեղծված իրավիճակի տրամաբանական հետեւանքներն են: Նրա խոսքերով, Եվրոպայի Խորհրդի պրոֆեսիոնալ եւ անկախ քարտուղարությունը ի վիճակի է արդյունավետ օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Թ.Դեւիսը զեկույց է պատրաստում ղարաբաղյան հակամարտության գծով, որը մինչեւ աշնան վերջ կներկայացվի ԵԽԽՎ քննարկմանը:





