AM
18 Մայիս 2004 - 17:38 AMT

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԸ» ԿՀԱՎԱՔՎԻ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ

«Կովկասյան քառյակը» կհավաքվի ընթացիկ տարվա հունիսի վերջին-հուլիսի սկզբին, հայտնել է այսօր լրագրողներին Ռուսաստանի Դաշնային Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, նա նշել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել «քառյակի» անդամների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների Ստրասբուրգում կայացած երկկողմ հանդիպումների ընթացքում` միջազգային խորհրդարանական խորհրդաժողովի շրջանակներում: «Որպես կանոն, մենք չենք հրապարակում մեր հանդիպումների օրակարգը, սակայն միանգամայն ակնհայտ է, որ այս հանդիպմանը կշոշափվի Վրաստանի թեման», – ասել է Միրոնովը: Նա հաղորդել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ աբխազ փախստականների խնդիրներով եւ երկաթուղու ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբերի գործունեության վերսկսումը: