AM
1 Մայիս 2012 - 10:04 AMT

Տ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը պահանջում է պահպանել նախընտրական քարոզչության սահմանված կարգը

Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Տեր-Պետրսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ապրիլի 22-ին դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 12 ԸԸՀ` նշելով, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարոզչության սահմանված կարգը:

«Նրանք չսահմանված տեղերում մասսայաբար փակցրել են քարոզչական նյութեր` մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում»:

Ապրիլի 24-ին կայացած թիվ 12 ԸԸՀ- նիստի ժամանակ կայացվել էր որոշում` որոշվել էր դիմել Երևանի քաղաքապետին` ուսումնասիրելու քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել: Ինչպես նաև Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ քարոզչական պաստառներն այլ վայրերում վճարովի հիմունքներով փակցնելու փաստաթղթղերը: Այսօր Թիվ 12 ԸԸՀ նախագահ Ս. Սարգսյանը ապրիլի 28-ով թվագրված քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Ա. Բաղդասարյանից ստացել է հետևյալ պատասխանը:

«Ի պատասխան Ձեր 25.04.2012 թ. գրության` հայտնում եմ, որ ի կատարումն թիվ 12 ԸԸՀ-ի N12 –Ա որոշման, ուսումնասիրվել է թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում (բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր) մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և հայտնաբերվել են ոչ թույլատրելի վայրերում պաստառներ, որոնք ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետարանի միջոցներով»: Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը արձանագրում է, որ կամ քաղաքապետարանն է ստում, կամ թեկնածուներն են նոր պաստառներ փակցրել: Երկու դեպքում էլ խախտվում է ընտրական օրենքը:

Ապրիլի 28-ին շտաբի աշխատակիցները շրջել են թիվ 12 ընտրատարածքում և տեսանկարահանել են այն փողոցները, որտեղ չսահմանված վայրերում փակցված են Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի պաստառները: