AM
20 Մայիս 2004 - 13:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԵԿԵԼ Է «ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՋՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿԸ

Սթրասբուրգում ընթացող ԵԽԽՎ-ում ներկայացված երկրների Խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենտ Առինջի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունում, Հայաստանի եւ Թուրքիայի բարձրագույն օրենսդրական մարմինների պատմության մեջ այս առաջին հանդիպման ընթացքում խոսքը գնացել է երկու հարեւան երկրների միջեւ դիվանագիտական ու խորհրդարանական կապերի հաստատման անհրաժեշտության մասին: Կողմերը կարեւորել են միջպետական երկխոսության կայացումը: Ա.Բաղդասարյանը ընդգծել է Թուրքիայի հնարավորինս անկողմնակալ դիրքորոշման կարեւորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Արծարծվել է նաեւ ցեղասպանության ճանաչման եւ տարածքային պահանջների խնդիրը: Այդ առնչությամբ հայ խոսնակը նշել է, որ 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը անհերքելի պատմական փաստ է: Այնուհանդերձ նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում այսօր դրված չէ տարածքային պահանջների խնդիրը: Միեւնույն ժամանակ Արթուր Բաղդասարյանը եւ Բյուլենտ Առինջը կարեւորել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի հաստատումը: Կողմերը ընդգծել են, որ ժամանակն է «անկեղծություն ու քաջություն» ունենալ միմյանց ճշմարտությունն ասելու ու փոխհարաբերությունների հաստատման քայլեր անելու: Բյուլենտ Առինջը իր երկրի պատրաստակամությունն է հայտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ` նշելով, որ Թուրքիան Հայաստանի մեկուսացման խնդիր չունի եւ պատրաստ է տարբեր մակարդակներով հանդիպումների: