AM
3 Մայիս 2012 - 07:03 AMT

Վեց անվանի հայեր Երևանում հանդես կգան վարպետության դասերով

Մայիսի 3-ին և 5-ին Երևանում կանցկացվի վարպետության դասերի շարք, որտեղ հաջողակ ու կայացած մարդիկ կպատմեն հայ երիտասարդներին հաջողության իրենց գաղտնիքներն ու կկիսվեն հաջողության իրենց բանաձևով: Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Հաջողության բանաձև» շրջանակում վարպետության անվճար դասեր անցկացնելու համար Հայաստան են ժամանել վեց անվանի հայեր՝ «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոյի հիմնադիր և ղեկավար Յուրի Գրիգորյան, «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյան, VIZERRA նախագծի գլխավոր տնօրեն Արման Ղուկասյան, Henderson – Россия ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Հարությունյան, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան և Тройка Диалог ընկերության կառավարող տնօրեն Գոռ Նահապետյան:

Վարպետության դասերի այս տպավորիչ շարքը մեծ արձագանք ունեցավ հանրության շրջանում. դասերին գրանցվել է ընդհանուր առմամբ մոտ 700 մարդ՝ աշակերտներ, ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, սկսնակ ձեռներեցներ, ղեկավար անձինք՝ տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ:

Կազմակերպիչները ցանկանում են հաջորդ տարվանից «Հաջողության բանաձև» վարպետության դասերի շարքը դարձնել ավանդական և անցկացնել շատ ավելի լայն ծավալներով՝ հրավիրելով Հայաստան տասնյակից ավելի հայտնի մասնագետների: