AM
3 Մայիս 2012 - 07:40 AMT

Գորիսի մոտակայքում «Օպելը» բախվել է բեռնատարին. կան զոհեր

Մայիսի 3-ին` ժամը 01.35-ին, «1-03» ծառայությունից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին հայտնել են, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 պ/հ և «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 պ/հ ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղևորներ` 1988 թ. ծնված Արթուր Մկրտչյանին և 1990 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, 1989 թ. ծնված Արթուր Ավանեսյանը, 1989 թ. ծնված Արտակ Սեդրակյանը և 1990 թ. ծնված Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: