AM
3 Մայիս 2012 - 08:41 AMT

Տեղեկատվություն տրամադրելու առումով 2012 թ. լավագույն գերատեսչություններն են առողջապահության, ԿԳ և ՏԿ նախարարությունները

Անցյալ տարվա ԻԱԿ տվյալներով 2006 թվականի հետ համեմատած գերատեսչություններից տեղեկատվություն ստանալու առումով վիճակը բարելավվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը. «Հիմնականում շատացել են լիարժեք պատասխանները, և ավելի քիչ են լուռ մերժումները»:

Ըստ այս տարվա հունվարի 1-ից ապրիլի 30-ի տվյալների, տեղեկատվություն տրամադրելու առումով լավագույնն են առողջապահության, կրթության և գիտության ու տրանսպորտի նախարարությունները, որոնցից յուրաքանչյուրը 4 հարցումներից 4-ին էլ լիարժեք պատասխանել է՝ միայն մեկին ուշացած: Ըստ ԻԱԿ-ի տվյալների, տեղեկատվության տրամադրման առումով ամենավատն աշխատում են մարզերի քաղաքապետարանները, մասնավորապես Գյումրիի և Սիսիանի քաղաքապետարանները. «Շատ անհասկանալի կերպով է պատասխանում նաև Երևանի քաղաքապետարանը: Պատասխանում են, բայց շատ մակերեսային և ոչ կոնկրետ»:

Բոլոր գերատեսչություններին ուղղված հարցումների ԻԱԿ-ի մոնիտորինգը ցույց է տալիս, որ լիարժեք պատասխանները 49 տոկոս են, լուռ մերժումները՝ 11, անհիմն մերժումները, երբ օրենքից չի բխում հարցման մերժումը՝ 1 տոկոս, ուշացած լիարժեք մերժումները 29 տոկոս, ինչն էլի, ըստ ԻԱԿ փորձագետի, դրական միտում է, և օրինական մերժումները՝ 1 տոկոս: