Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի դիրքորոշումը հակասում է միջազգային նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «525-րդ թերթը» հայտարարել է ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) առաջնորդ Աքիֆ Նաղին` մեկնաբանելով Ռ.Հարնիշի դիրքորոշումը, որն աջակցում է մի շարք ամերիկյան ընկերությունների համագործակցությանը «հայերի կողմից օկուպացված» Լեռնային Ղարաբաղի հետ: Ավելին, ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ այդ առեւտրա-տնտեսական կապերը դադարեցնելու առնչությամբ որեւէ պատժամիջոց չի ակնկալվում: Ա.Նաղին տեղեկացրել է, որ ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ մի շարք այլ երկրներ կապված են Ղարաբաղում գործունեության հետ, որը «չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին»: Նա պահանջել է նրանցից հրաժարվել նման գործողություններից, «թե չէ ՂԱԿ-ը բողոքի ցույցեր կկազմակերպի նրանց դեսպանատների առջեւ»: ՂԱԿ-ի նախագահը որակել է նման գործողությունները որպես ադրբեջանական պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք:





