AM
25 Մայիս 2004 - 14:41 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Բուենոս-Այրեսում այցով գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հանդիպել է Արգենտինայի նախագահ Նեստոր Քիրշների հետ: Ինչպես տեղեկացրել են այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի գրասենյակում, հանդիպման ընթացքում կաթողիկոսը բարեկեցություն եւ բարգավաճում է ցանկացել Արգենտինային, որը հայրենիք է դարձել շատ հայերի համար: Իր հերթին, Ն.Քիրշները նշել է արգենտինյան հայերի նվիրվածությունը եւ հավատարմությունն իրենց հայրենիքին: Հայոց պատրիարքը հանդիպել է նաեւ Արգենտինայի փոխնախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ, ինչպես նաեւ ԱԳՆ ղեկավարի եւ Բուենոս-Այրեսի քաղաքագլխի հետ: Հանդիպումների ընթացքում Կաթողիկոսը տեղեկացրել է զրուցակիցներին, որ 2005 թվականին հայ ժողովուրդը նշելու է Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձը եւ հայոց այբուբենի ստեղծման 1600-ամյակը, եւ հրավիրել է նրանց Հայաստան: Գարեգին երկրորդը հանդիպել է նաեւ երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Բուենոս Այրեսի հայ կաթոլիկ եկեղեցին եւ տեղի հայ կրթօջախները: Նշենք, որ մինչեւ Արգենտինա ժամանելը Պատրիարքն այցելել է Բրազիլիա եւ Ուրուգվայ: