AM
4 Մայիս 2012 - 08:01 AMT

Հայաստանում կբացվի առաջին ֆրանսիական լիցեյը

Հայաստանում կբացվի առաջին ֆրանսիական լիցեյը: Այս նպատակով համագործակցություն է հաստատվել Ֆրանսիայի Գաղեն Կոլոմբ քաղաքում գտնվող «Լա Տուղնել» մասնագիտական ավագ դպրոցի հետ: Այս առիթով Հայաստանում է ֆրանսիական լիցեյի տնօրեն Ազանգ Պոն, որն այսօր համագործակցության պայմանագիր ստորագրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ: Ազանգ Պոն իր խոսքում նշեց, որ Երևանում բացվող մասնագիտական լիցեյն աշխատելու է ֆրանսիականի սկզբունքներով և ծրագրերով:

«Մեր հաստատությունում կրթություն է տրվում երկու ոլորտներում` ծառայութունների մատուցման և արդյունաբերության բնագավառներում» ,- իր խոսքում նշեց Ազանգ Պոն` հավելելով, որ լիցեյի միջին մասնագիտական կրթական ծրագրերը կդասավանդվեն հայկական միջավայրին համապատասխանեցված ֆրանսիական մեթոդներով և մոտեցումներով:

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որն իր խոսքում նշեց, որ Հայաստանում ֆրանսիական քոլեջի բացումը մեծ նշանակություն ունի մեր երկրում կրթության մակարդակի զարգացման համար:

«Սա կարևոր իրադարձություն է մասնագիտական կրթության ոլորտում: Ինչպես և Ֆրանսիական համալսարանը` լիցեյի դերը Հայաստանում ևս շատ մեծ կլինի: Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման մեջ այս քայլը բացառիկ նշանակություն ունի: Երկու տարի անց այս լիցեյը կդառնա Հայաստանում միջին մասնագիտական կրթություն տրամադրող լավագույն հաստատություններից մեկը», -ասաց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը նաև նշեց, որ այս համագործակցությունն ավելի մեծ թափ կստանա հունիսի կեսերին, երբ Ֆրանսիայում ավարտված կլինեն նախագահի ընտրությունները: