AM
4 Մայիս 2012 - 09:34 AMT

Թեղուտի բնապահպաններն աջակցում են Ցագովյան անտառի պահպանության ակտիվիստներին

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը աջակցության նամակ է ուղղել Ցագովյան անտառի պահպանության ակտիվիստներին, որտեղ բնապահպան ակտիվիստները ողջունում և իրենց աջակցությունն են հայտնում անտառի ակտիվիստներին: Նամակում ասվում է. «Մենք ևս անհանգստացած ենք Ցագովյան անտառի հիմնահարցով, ակտիվիստների անվտանգությամբ և դատապարտում ենք բնապահպան ակտիվիստների դեմ ՕՄՕՆ-ի և ՌԴ ոստիկանության կողմից կատարված գործողությունները:

Մենք՝ բնապահպան ակտիվիստներս, բարձր ենք գնահատում և աջակցում ենք ձեր պայքարին: Այսօր դուք փորձում եք ետ պահել իշխանությանն իր կործանարար որոշումից, որը կարող է աղետալի լինել Ցագովյան անտառի համար: Ցագովյան անտառի կարևորությունը անգնահատելի և անվիճելի է ոչ միայն մերձմոսկովյան խիտ բնակեցվաց Ժուկովսկի քաղաքի համար, այլ նաև Մոսկվայի: Ավելին, Ցագովյան անտառը համաշխարհային հարստություն է և նրա պահպանությունը խիստ կարևոր է:

Նմանօրինակ կերպով ՀՀ իշխանությունները, խախտելով մի շարք ազգային օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, անտեսելով միջազգային կազմակերպությունների և բնապահպան ակտիվիստների կոչերը, ջանում են սկսել հանքի շահագործումը Թեղուտում: Թեղուտի ոչնչացումը սարսափելի էկոլոգիական աղետ է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար»:

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» բնապահպան ակտիվիստները տեղեկացնում են նաև, որ կոչ կանեն «շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին և կազմակերպություններին արձագանքել Ցագովյան անտառի համար պայքարող ակտիվիստների կոչերին, կանխել հնարավոր աղետը և հրապարակավ դատապարտել անտառի պաշտպանների հանդեպ իրականացվող անօրինական գործողությունները»: