Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարն անցել է քաղաքակիրթ պայմաններում, մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, կուսակցություններն օգտագործեցին քարոզարշավի ավանդական եղանակները, բայց կա նաև նորույթ: Այս ընտրություններին մեծ քարոզարշավ եղավ նաև օնլայն տիրույթում` էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող քարոզարշավին, ապա Մարկարովը նկատեց, որ այն ավելի շատ օգտագործվել է համամասնականով առաջադրված թեկնածուների կողմից, ավելի քիչ` մեծամասնական թեկնածուների:
Այնուամենայնիվ, քաղաքագետը դժվարացավ նշել, թե որ կուսակցությունն է ավելի արդյունավետ իրականացրել իր քարոզարշավը, որովհետև դրանք հիմնականում ուղղված էին ողջ հանրությանը: Բացառություն են կազմել «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները, ովքեր շեշտը դրել են մտավորական ընտրազանգվածի վրա:
Բացի այդ, այս տարի կուսակցություններին քարոզարշավներում պակասել է գաղափարական հիմքը, փոխարենը մեծ շեշտ է դրվել սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: Բացառություն են կազմում ՀՅԴ-ն և Կոմունիստական կուսակցությունը:





