Ամերիկյան Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանտինգը մայիսի 25-ից 29-ը կայցելի Երեւան` քննարկելու Կանզասի նահանգի եւ Հայաստանի միջեւ Համագործակցության ծրագրի առաջին քայլերը: Նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Հայաստանի պաշտպանության եւ առողջապահության նախարարությունների, արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարությունների հետ եւ կքննարկեն խաղաղապահ օպերացիաների անցկացման, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման գործում եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Համագործակցության ծրագիրը Կանզասի եւ Հայաստանի միջեւ պաշտոնապես մեկնարկել է 2003 թ.-ի աշնանը, երբ հայ զինվորականներն օժանդակություն էին խնդրել Կանզասից առողջապահության ոլորտում եւ խաղաղապահ գործողությունների անցկացման գործում: Նշենք, որ Ազգային գվարդիա կա ամերիկյան յուրաքանչյուր նահանգում եւ բաղկացած է մարդկանցից, ովքեր իրենց ժամանակի մի մասը նվիրում են զինվորական ծառայության: Գվարդիայի ջոկատներն օգտագործվում են բնական աղետների հետեւանքները վերացնելու, բանակին ու ռազմաօդային ուժերին օգնելու, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաեւ երկրի թշնամիների դեմ զենքով կռվելու համար:





