ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դրական գնահատեց ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավը` նշելով, որ երբեմն անգամ այն անցել է աննախադեպ: Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը, բայց բողոքեց բանավեճերի պակասից• «Բանավեճ չեղավ, քանի որ իշխանությունը բանավիճելու բան չունի»,- ասաց Հրանտ Բագրատյանը` ավելացնելով, որ իրենց բանավիճելու առաջարկները մնացել են անպատասխան: «Իսկ մեր հրավերներին մայիսի 7-ին պատասխանողները թող գնան իրենց հարևանների հետ բանավիճեն»,-ասել է նախկին վարչապետը:
ՀԱԿ անդամը նաև քննադատեց ՀՀԿ-ի աշխատելաոճը`ասելով թե իշխանական սեկտորում չեղավ քննարկում, քննադատություն, միայն վերամբարձ խոսքեր, անգամ նախագահի կողմից. «Նախագահն իր կողքին իր ինտելեկտին համապատասխան թիմ է հավաքել, որոնք միայն զբաղվում են նրա PR-ով և գաղափար չունեն` ինչ են անումՙ և չունեն նաև feedback»:
Անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ նա չի բացառում իր վերադարձը քաղաքական դաշտ՝ Հրանտ Բագրատյանն ասաց. « Քոչարյանը թող գա մեզ մարտի 1-ը պատմի»:
Հրանտ Բագրատյանը նաև հայտարարեց, որ եթե ընտրությունները կրկին անգամ կեղծվեն, ինչն անխուսափելի է, նրանք կընդվզեն և խոստանում են այդ ալիքը դարձնել հեղափոխության ալիք:





