AM
4 Մայիս 2012 - 12:36 AMT

Մանուկ Վարդանյանը, Վիկտոր Ռեբեցն ու Վիկտոր Յակունինը նոր պայմանագիր են ստորագրել

Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը` ի դեմս նախագահ Վիկտոր Յակունինի, Համաձայնագիր են կնքել` «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

ՀԿԵ-ից հայտնում են, որ փոփոխությունները հիմնականում վերաբերվում են ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներից ստացված վնասի փոխհատուցման, փոխադրումների սակագնային քաղաքականության որոշման, կոնցեսիոն ակտիվների հետ աշխատանքի հարցերին:

Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ` «Ռուսական երկաթուղիներ», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների պատվիրակությունների և ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ, տեղի էր ունեցել քննարկում` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, որին հաջորդել էր 2011 թ. դեկտեմբերի 2-ին Կողմերի միջև համապատասխան Համաձայնագրի նախագծի ստորագրումը:

Հայաստանում 3 տարիների աշխատանքի ընթացքում ՀԿԵ-ն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման նպատակով ներդրել է 72,1 մլրդ.դրամից ավել: Նաև էապես աճել են փոխադրումների ծավալները, գնացների արագությունը, բարելավվել է անվտանգության մակարդակը: