Այսօր Երեւան է ժամանել «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Փոլ Էփլգարթի գլխավորությամբ: Այցի ընթացքում կորպորացիայի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարության հետ եւ կքննարկեն այն ծրագրերը, որոնք երկրի կառավարությունը կներկայացնի «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից ֆինանսավորում ստանալու համար: Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Հայաստանը եւ Վրաստանն ընդգրկվեցին 16 երկրների թվում, որոնք կարող են հավակնել այդ հիմնադրամից միջոցներ ստանալուն: Ամերիկյան աղբյուրների հաղորդագրության համաձայն, կորպորացիայի ղեկավարությունը ընտրել է այն երկրները, որոնք, իր կարծիքով, սկսել են ակտիվ քայլեր ձեռնարկել քաղաքացիների քաղաքացիական իրավունքները պաշտպանելու եւ կաշառակերությունը արմատախիլ անելու ուղղությամբ: Հիմնադրամի բյուջեն այս ֆինանսական տարում կկազմի 1 մլրդ դոլար:





