Facebook սոցիալական ցանցում ձևավորված մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ահազանգում են «ԱՕԿՍ–ի` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության, շենքի քանդման մասին, այսօր` մայիսի 8–ին, ժամը 13:00-ին նախատեսում են ստուգայց կատարել ԱՕԿՍ և կանխել դրա քանդումը։
«Մենք՝ մեր քաղաքի ինքնորոշված քաղաքացիներս, գնում ենք դեպքի վայր՝ քաղաքացիական ստուգայցի: Մեզ հետաքրքրում է ամեն ինչ կապված ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ ծավալված շինարարական աշխատանքների հետ։ Քաղաքային իշխանությունները պետք է պատասխան տան պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան–շենքի խարխլմանը նպաստող նախագծային աշխատանքների թույլտվություն տալու համար»,–նշված է «ԱՕԿՍ–ի շենքը իմն է» քաղաքացիական նախաձեռնության ֆեյբուքյան էջում։
Շենքի քանդման աշխատանքները սկսվել են երեկվանից և ներկայումս քանդում է այն հատվածը, որն անցյալ տարվա դեկտեմբերին օտարվել էր «Լոկալ Դիվելոփրս» ընկերության կողմից: Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությունը նախատեսում է այդտեղ հյուրանոց կառուցել:
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ունի հանրապետական նշանակություն։
ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից առաջ: 1910 թ. Աֆրիկյանը և մի շարք այլ բարերարներ այն կառուցել էին ջրծաղիկի համաճարակից տառապող հիվանդներին այստեղ բուժելու նպատակով: 1950-ական թվերի սկզբին նախկին հիվանդանոցի շենքի ետնամասում ավելացվել է մի նոր հատված, որն էլ հիմա քանդում են։





