AM
8 Մայիս 2012 - 10:37 AMT

Գուրգեն Նամալյան. Ուրախանում եմ, երբ լինում են թույլ և միջին ուժգնության երկրաշարժեր

Թույլ և միջին ուժգնության երկրաշարժերի ժամանակ բարձրանում է լրատվամիջոցների հետաքրքրությունը շենքերի և շինությունների հանդեպ: Տեղեկատվություն ստանալուց հետո` բարձրանում է նաև բնակչության զգոնությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերջերս նկատվող սեյսմիկ ակտիվությանը, ասաց ՀՀ ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ ուրախանում է, «երբ լինում են թույլ և միջին ուժգնության երկրաշարժներ»:

«ՀՀ բնակչության, կառավարության, զգոնությունը պետք է շատ բարձր լինի, որովհետև սեյսմիկ պաշտպանությունը մեր ազգային անվտանգության հիմնախնդիրներից է», – իր խոսքում նշեց Նամալյանը:

Հիշեցնելով Սպիտակի երկրաշարժի հետևանքները`Նամալյանն ասաց, որ նման երկրաշարժեր եղել են և կլինեն, թեև պարզ չէ, թե երբ: Այսպիսի աղետները մեր երկրում առանցքային են համարվում:

«Մեր ԶԼՄ-ները պետք է ժամանակ հատկացնեն սեյսմակայունության հարցերին, որպեսզի բնակչությունը տեղեկացվի, թե ինչ շենքում է ապրում` սեյսմակայուն, թե ոչ», – ասաց Նամալյանը: