«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի արձանագրմամբ, մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մթագնված են եղել բազմաթիվ ընտրախախտումներով:
«Ընտրակաշառքների և կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա»,– նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Այնտեղ նաև ասվում է, որ մեծ ծավալների հասնող ընտրախախտումներից է եղել երևանյան հասցեների վրա ժամանակավոր գրանցումը։
«Ժառանգության» պնդմամբ, իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ է ստեղծվել ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար։ Կուսակցությունը մտահոգություն է հայտնել նաև տարբեր գույնի գրիչներով քվեարկելու հետ կապված, ինչը նրանց պնդմամբ, ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում է։
«Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպես նաև ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո մենք վերջնական գնահատական կտանք թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը և թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին ընդհանրապես»,– ասվում է հաղորդագրության մեջ։





