AM
3 Հունիս 2004 - 17:17 AMT

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵԿԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արեւմտյան փորձագետները հանդես են եկել կոնցեպտուալ նյութով, որը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը մի տարածքում, որն այժմ ընդհուպ մոտեցել է Եվրամիությանը: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զեռկալո» թերթը, ԱՄՆ-ում գերմանական Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ռոնալդ Ասմուսը եւ Ացումային ժողովրդավարությունների նախագծի նախագահ Բրյուս Ջեքսոնը «Policy Review»-ում հրապարակված իրենց հոդվածում պնդում են, որ Բեռլինի պատի անկումից 15 տարի անց եկել է հակամարտությունները կարգավորելու ժամանակը` մերձդնեստրյանից մինչեւ ղարաբաղյան, եւ այդ հարցերը պետք է դառնան «Մոսկվայի հետ մեր դիվանագիտության կարեւորագույն գերակայությունը»: Եվրամիության կողմից դեպի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան ընդլայնվելու ռազմավարության մասին հունիսի 12-ին ակնկալվող որոշումից հետո, բոլոր երկրները Սեւ ծովից դեպի հյուսիս եւ արեւելք, ներառյալ` Ռուսաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կհայտնվեն Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններում: «Չորս» սառեցված հակամարտություններ (Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսեթիա եւ Լեռնային Ղարաբաղ) տարածված են ամբողջ տարածաշրջանով մեկ: Բացարձակապես պարզ է, որ խորհրդային կայսրության այդ թեժ բեկորները հարմար գոտի են զենքի եւ թմրանյութերի մաքսանենգության համար, ներառվել են մարդկանց առեւտրի մեջ, մի խոսքով` վերածվել են միջազգային կազմակերպված հանցավորության, եւ, իհարկե, ահաբեկչության կենտրոնների»,-նշում են հետազոտողները: Ինչպես նշում են նրանք, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, աշխատելով ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի միջոցով, պետք է համատեղ ջանք գործադրեն «սառեցված հակամարտությունները» հանգուցալուծելու համար: