AM
10 Մայիս 2012 - 06:49 AMT

Թբիլիսիում նշել են Մեծ Հաղթանակի 67-րդ և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը

Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 9-ին անցկացվել է ճոխ համերգ` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 67-րդ և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին: Համերգը տեղի է ունեցել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգի և երաժշտական գործիքների մանկական և ավագ համույթների, «Ջեյրան» պարի համույթի, համերգին հրավիրված «Անի» և «Վանք» պարի համույթների, անհատ կատարողներ Անահիտ Մկրտչյանի, Անահիտ Հարությունյանի, Աննա Պողոսովայի, Հենրիխ Պետրոսյանի և Հենրիխ Հարությունյանի ազգագրական և հայրենասիրական բոցաշունչ ելույթները դարձել են հաղթական օրվա ազգայնաբուխ և տոնական տրամադրության վառ դրսևորում:

Տեղի է ունեցել նաև Ստեփանակերտի հետ ուղիղ միացում:

Մեծ Հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով, ծովակալ Իսակովի մեդալներով պարգևատրված, Հայրենական պատերազմի թբիլիսահայ վետերաններ Գիորգի Մարկարյանին, Սերգեյ Միրզոյանին, Գիորգի Փանոսյանին, Սեդրակ Սահակյանին և Սիմոն Սիմոնյանին՝ պարգևները փոխանցել է Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Գարիկ Մուրադյանը: Մի խումբ հայորդիներ պարգևատրվել են «Արցախ» պատվոգրերով:

Դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Արցախյան հերոսամարտի մասնակիցներ: