AM
5 Հունիս 2004 - 14:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀԻԱՆԱԼԻ ԾՐԱԳԻՐ»

Հայաստանի միավորված ընդդիմությունն ունի հետագա գործողությունների «հիանալի ծրագիր»: Այդ մասին երկրի ընդդիմադիր ուժերի («Արդարություն» դաշինք, «Ազգային միաբանություն» եւ Կոմունիստական կուսակցություններ) կազմակերպած հանրահավաքին հայտարարել է նախօրեին «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը` չհայտնելով այդ ծրագրի մանրամասները: Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից խոստացած «բողոքի երկարատեւ ցույցերին եւ վճռական գործողություններին», ապա դրանց հետաձգումը հանրահավաքին ելույթ ունեցած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանը բացատրել է «որոշ կազմակերպչական խնդիրների» լուծման անհրաժեշտությամբ: Ընդսմին նա հայտարարել է, որ ընդդիմությունը ինչպես միշտ վճռական է իր վերջնական նպատակին հասնելում` այն է երկրում իշխանափոխություն կատարել: Հակառակ դեպքում, ասել է նա, «մենք կզրկվենք քաղաքական դաշտում մնալու բարոյական իրավունքից»: Իր հերթին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ.Սարգսյանը հավաստիացրել է հավաքվածներին, որ նախագահի նստավայր գնալու անհրաժեշտություն չկա, քանզի «իշխանափոխության կարելի է հասնել հանրահավաքների միջոցով», որոնք, նրա խոսքերով` հունիսին կկազմակերպվեն անընդհատ: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նշանակված է հունիսի 16-ին: