AM
11 Մայիս 2012 - 05:55 AMT

«Ժողովուրդ». Փուչիկների պայթյունը նախագահի անվտանգության ծառայության անփույթ աշխատանքի հետևա՞նքն է

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն օրաթերթին տված իր հարցազրույցում հայտարարել էր, որ փուչիկների պայթյունը և հարյուրավոր վիրվորները նախագահի անվտանգության ծառայության և ծառայության պետի անփույթ աշխատանքի հետևանքն են: Այս առիթով թերթը փորձել է տեղեկություններ ստանալ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից: Հենց այս ծառայությունն է ապահովում Սերժ Սարգսյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը. «Ես մեկնաբանել չեմ կարող: Դրա համար քրեական գործ է հարուցված, և դրա շրջանակներում դուք պարզաբանումներ կստանաք»: Թերթի հարցին, թե ինչու է ուշանում բացահայտումը, Հարությունյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, որովհետև այս գործով ես չեմ զբաղվում, դրանով զբաղվում է ոստիկանությունը: Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա Եղիազարյան Գուրգենն իրավասու չէ նման գնահատականներ տալ»: