«Ժամանակ» թերթը գրում է, որ մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում ֆիզպատրաստության ժամանակ` շարահրապարակում վազելուց հետո Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված և հանկարծամահ եղած զինծառայող Գոռ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կդառնա, թե որն է եղել ժամկետային զինծառայողի մահվան պատճառը: ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից Մերի Սարգսյանը թերթին ասել է, որ առայժմ տեղեկություններ չկան, թե տղան բանակ է զորակոչվել շարային, թե ոչ շարային ծառայության համար, քանի որ, ըստ թերթի տեղեկությունների, Գեղարքունիքի մարզի Սևանի շրջանի Դդմաշեն համայնքից զորակոչված, արդեն 1 տարվա զինծառայողը դեռ փոքր տարիքից սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ զորակոչվելուց առաջ բժշկական հանձնաժողովը դա պետք է որ նկատած լիներ:





