«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ «Պարզվում է` հայոց ոստիկանները հասարակական կարգը վերահսկում են նաև վիրտուալ աշխարհում։ Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ի թիվս այլ ոստիկանների, գրանցվել է նաև Երևանի ոստիկանապետի տեղակալ, ակցիաներն ու միտինգները ցրելու վարպետ հայտնի Բազազը` Ռոբերտ Մելքոնյանը։ Թերևս վիրտուալ կյանքում հայտնվելով` համազգեստավորներն ու իշխանության հանդեպ «դավադրություններ» կազմակերպող ակտիվիստների ծրագրերին ի սկզբանե տեղեկացվելու հնարավորություն կունենան և իրավիճակն ավելի շուտ կանխելու միջոցառումներ կձեռնարկեն։ Նկատենք, որ վերջին շրջանում հենց սոցիալական ցանցերում սկիզբ առած քննարկումների արդյունքում էլ հասունանում է այս կամ այն անօրինականության դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու պահանջը։ Այնպես որ չի բացառվում, որ ակտիվիստների ու համազգեստավորների պայքարը տեղափոխվի վիրտուալ աշխարհ, թերևս այսպես ավելի անվնաս է` զերծ կմնան մարմնական վնասվածքներից»,–գրում է թերթը։





