Ոստիկանությունը պարզաբանում է տարածել iDitord.org-ի նախաձեռնողական խմբի կողմից տարածած այն հաղորդագրության վերաբերյալ, ըստ որի` ոստիկանությունն անտարբերության է մատնել կայքի կողմից գրանցված ընտրախախտումների ահազանգերը:
«Ոստիկանությունում գործող շտաբները մշտապես, և՛ նախընտրական ու հետընտրական ժամանակահատվածներում, և՛ բուն ընտրության օրը, վերլուծել են ինչպես iDitord.org-ից, այնպես էլ զանգվածային լրատվության այլ միջոցներից ստացված բոլոր տեղեկությունները: Միայն ընտրության օրը մեր պաշտոնական կայքէջում դրանց մասին տրվել է հիսունից ավելի պարզաբանում: Հարկ է նշել, որ այդ տեղեկություններում, ստացված նաև iDitord.org-ից, մեծ թիվ են կազմել այնպիսիք, որոնք իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել և ոստիկանության կողմից հերքվել են:
Ոստիկանությունը արձագանքել է միայն այն տվյալներին, որոնք ըստ արարքի նկարագրության իրավախախտման հատկանիշներ են պարունակել կամ վերաբերվել են ընտրացուցակներում առկա անճշտություններին: Քիչ չեն եղել դեպքերը, երբ iDitord.org-ը տեղեկատվություն է տարածել մահացած, սակայն իրականում ողջ մարդկանց վերաբերյալ և այլն:
Ըստ iDitord.org-ի տարածած տեղեկատվության ծեծկռտուք է եղել 6/10 ընտրատեղամասում, որին ոստիկանները չեն միջամտել, շուռ են տվել քվեատուփը և այլն: Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է. որ տարածվել է ապատեղեկատվություն. տեղամասում որևէ միջադեպ չի գրանցվել, իսկ հանձնաժողովը շարունակել է իր բնականոն գործառույթները:
iDitord.org-ում եղած ոչ հավաստի բոլոր տեղեկություններին անդրադառնալն անիմաստ ենք համարում»:
Մայիսի 10-ին` լրագրողների հետ հանդիպմանն iDitord.org-ի համակարգողներ Սամվել Մարտիրոսյանն ու Սոնա Այվազյանն ասել էին, որ ոստիկանությունը iDitord.org համացանցային հարթակում գրանցված ահազանգերին գրեթե ուշադրություն չի դարձրել և չի անդրադարձել դրանց:





