Չնայած ԱԺ ընտրությունների անցկացման թափանցիկությանը` եղել են նաև ընտրախախտումներ և թերություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Մեր դիտորդները բազմաթիվ նշումներ են կատարել: Ամենատարածված ընտրախախտումներն արդեն իսկ հայտնի են:
Հիմնականում դրանք կապված են եղել կնիքների վաղաժամ անհետացման, վստահված անձերի վկայականների բացակայության և այլնի հետ», – իր խոսքում նշեց Իշխանյանը՝ հավելելով, որ եղել են ընտրատարածքներ, որտեղ վստահված անձանց հարցրել են, թե նա որ կազմակերպության դիտորդ է, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել:
Իշխանյանը նշեց նաև, որ Հելսինկյան կոմիտեն բաց քվերարկության դեպքեր է գրանցել, ինչպես նաև դեպք, երբ մի բնակարանից քվեարկել են ավելի շատ մարդիկ, քան գրանցված են:
«Համարյա բոլոր տեղամասերում նկատվել է հանձնաժողովի անդամների ոչ պրոֆեսիոնալ աշխատանք: Նշեմ նաև, որ որոշ դեպքերում մեր աշխատակիցներն են նրանց ուղղորդել, թե ինչպես է պետք աշխատել», – ասաց Իշխանյանը:
Ավետիք Իշխանյանը ընտրությունների անցկացմանը որևէ գնահատական տալ խոսափեց, միայն նշեց, որ «ընտրութոյունների ամբողջ մեխանիզմը փշրված է»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացրել միայն թիվ 4 ընտրատարածքում:
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):





