Միասնական շտաբը, որի կազմում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ու ՀՅԴ-ն, հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ մայիսի 6-ի ընտրությունների հետ կապված: Հայտարարության մեջ ասվում է. «Միասնական շտաբն արձանագրում է, որ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններն անցան համատարած օրինախախտումներով: Դրա հետ մեկտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարևոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաև ընտրացուցակի և ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թվերը… Միասնական շտաբը արձանագրում է, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովուրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը: Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման և իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»:
Իր հերթին ԲՀԿ ներկայացուցիչը՝ նախկին արտգործնախարար Վրադան Օսկանյանը ուշադրություն հրավիրեց իշխանությունների կիրառած նոր ընտրախախտումների մեխանիզմի երեք բաղադրիչների վրա՝ ուռճացված ցուցակներ, անհետացող դրոշմակնիքներ և երրորդ՝ աննախադեպ բարձր քվեարկության տոկոս վաղ առավոտյան: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն դեռ ապրիլի վերջին ուշադրություն էր հրավիրում այդ խնդիրների վրա՝ մասնավորապես անհետացող կնիքների՝ առաջարկելով փորձարկել դրանք, բայց ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիտորինգային խումբը մերժեց դա, իսկ ԿԸՀ-ի նախագան անվանեց այդ մեղադրանքները զառանցանք: Օսկանյանն առաջարկեց լրագրողներին ինքնուրույն որոշել՝ զուգադիպություն էր դա, թե իշխանությունների կողմից նախօրոք պլանավորված սցենար:
Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ավելացրեց, որ դա իշխանությունների կողմից նախապես ծրագրավորված էր, և առաջարկեց ուշադրություն դարձնել քվեարկության մասնակիցների մեծ տոկոսին, որն, ըստ նրա, եթե հանել Հայաստանից բացակայողների թիվը, կազմել է 86 տոկոս: Ըստ նրա, նույնիսկ զարգացած երկրներում խորհրդարանական ընտրություններին մասնակցողների թիվը չի գերազանցում 50 տոկոսը: Իսկ Հայաստանում, որտեղ ժողովուրդը հիասթափված է ընտրություններից, այն պետք է ավելի ցածր լիներ:





