AM
7 Հունիս 2004 - 18:25 AMT

ՃԱՊՈՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԻՈԳԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է 4,5 մլն դոլար ներդնել Երեւանում բիոգազի օգտագործմամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեջ: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել ՀՀ բնության պահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, նախարարությունը արդեն իր դրական եզրակացությունն է տվել Նուբարաշենի աղբանոցի բազայի վրա 1,5 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ի շինարարության վերաբերյալ: Այդ առնչությամբ ներկայումս բանակցություններ են ընթանում կապալառու` ճապոնական «Shimizu» ֆիրմայի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ: Սակայն, ինչպես նշել է նախարարը, ներկայումս բանակցությունները փոքր ինչ դանդաղել են, քանի որ Նուբարաշենի աղբակույտի վարձակալման իրավունքը դեռեւս պատկանում է մի հայկական ընկերության: Միեւնույն ժամանակ Վ.Այվազյանը ընդգծել է, որ ճապոնական կողմի հետ համագործակցության նախագիծը շատ շահավետ է Հայաստանի համար: Նա հիշեցրել է, որ վերջերս երկրում հաստատվել է բիոգազի հիմքի վրա ստացված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ սակագինը 8 ցենտի չափով: Այդ սակագինը շահույթ ստանալու առումով միանգամայն ձեռնատու է նաեւ ներդնողի համար, նշել է Վ.Այվազյանը: