AM
11 Մայիս 2012 - 13:45 AMT

Երևանում ընթանում է Լիբերալ-ժողովրդավարների և բարեփոխիչների եվրոպական կուսակցության անդամների հանդիպումը

Հայոց համազգային շարժման վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն այսօր Լիբերալ-ժողովրդավարների և բարեփոխիչների եվրոպական կուսակցության (ԼԺԲԵԿ) ղեկավար Գրեհեմ Ուոթսոնի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ այս օրերին Երևանում ընթացող ԼԺԲԵԿ անդամների ամենամյա հանդիպումը կարևոր իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքում: ՀՀՇ-ն 2012-ից այդ կուսակցության անդամ է, որի հետ համագործակցում է արդեն 5 տարի: Մանուկյանը նշել է, որ ԼԺԲԵԿ-ը կարևոր դեր է խաղացել Հայաստանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ իր հայտարարություններով և օգնությամբ: Նա նշել է, որ եվրոպական կուսակցությունն աջակցել է նաև ՀԱԿ-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մանուկյանը նշել է, որ մասնակցությունը ԼԺԲԵԿ-ին և նրա ակտիվությունը հետխորհրդային տարածքում լավ հնարավորություն է ժողովրդավարության զարգացման համար:

Իր հերթին Ուոթսոնը շնորհակալություն է հայտնել 54 երկրների ավելի քան 100 պատվիրակների հանդիպումը կազմակերպելու համար, որոնք ներկայացնում են ԼԺԲԵԿ մեջ մտնող տարբեր կուսակցություններ: Նա նշել է, որ Հայաստանում համագումարի անցկացումը հայկական կողմի հրավերի արդյունք է և երկրում ներքաղաքական իրավիճակի հետ ծանոթանալու հնարավորություն: Բերելով Բուլղարիայի և Ռումինիայի օրինակը՝ Ուոթսոնը նշել է, որ վերջերս այնտեղ ժողովրդավարության զարգացման մակարդակը ցածր է եղել, բայց հիմա այդ երկրները մտնում են ԵՄ: Նա հույս է հայտնել, որ մի քանի տարի անց Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ժողովրդավարությունը չի տարբերվի վերոհիշյալ ԵՄ պետությունների մակարդակից: