AM
14 Մայիս 2012 - 10:14 AMT

Մեղր, կաթնաշոռ, ձու, ձուկ… սեռական առողջ սննդակարգն է ըստ սեքսապաթոլոգի

Որքան ավելանում է ալկոհոլի օգտագործումը, այնքան մարդու սեռական առողջության վիճակն ավելի է վատթարանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Հնուց ի վեր համարվում է, որ ալկոհոլը հանում է նյարդային լարվածությունը։ Մեր օրերում այն մարդիկ, ովքեր ունեն նևրոզներ կամ սեռական խանգարումներ, դիմում են ալկոհոլի օգնությանը` կարծելով, որ այն դրական ազդեցություն կունենա, սակայն ալկոհոլն էլ ավելի է խորացնում այդ խնդիրը»,–ասաց Շահրամանյանը։ Նա նշեց, որ տղամարդկանց սեռական առողջության վրա ավելի բացասական ազդեցություն է ունենում օղին, կոնյակը, քան գինին, որն ավելի դրական է ազդում. «Ալկոհոլի երկարատև չարաշահման արդյունքում ծանրանում է լյարդը, որը մասնակցում է սեռական կարևոր հորմոնի` տեստոստերոնի արտադրությանը: Ալկոհոլի չարաշահման հետևանքով նվազում է սեռական ցանկությունը, քանի որ խախտվում է լյարդի աշխատանքը և պակասում է տեստոստերոնի արտադրությունը»,–նշեց Շահրամանյանը:

Ըստ բժշկի` ալկոհոլը չարաշահող մարդիկ, որոնք այցելում են կլինիկա, հիմնականում դյուրագրգիռ են լինում, ինքնամփոփ, նյարդային, ինչը նույնպես վատ է անդրադառնում սեռական առողջության վրա. «Ալկոհոլամոլները հիմնականում ունենում են սպեցիֆիկ հայայցք, լյարդը մեծացած է, առկա են նաև էմոցիոնալ խնդիրներ»,–ասաց նա։

Բժիշկը ներկայացրեց իր կողմից կազմած սեռական առողջ սննդակարգը, որը բաղկացած է հիմնականում հետևյալ սննդամթերքներից` մեղր, կաթնաշոռ, ձու, ձուկ, սունկ, հավի միս, կանաչեղեն, ընդեղեն, ոլոռ և այլն.

«Պետք է բացառել ծխելը, գազավորված ըմպելիքները, ճարպոտ սնունդը»,–վերջում հավելեց սեքսապաթոլոգը։