ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի վերջին Փարիզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն 2006-2007թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելու վերաբերյալ: Այս կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, համերգներ, թեմատիկ փառատոններ, Հայաստանի մշակույթին եւ պատմությանը նվիրված այլ միջոցառումներ, որտեղ կներկայացվեն հայկական մշակույթի ժառանգության արժեքները:





