AM
14 Հունիս 2004 - 14:39 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ կշարունակվեն հունիսի 20-21-ը Պրահայում: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին է հայտարարել Է.Մամեդյարովը: Նրա խոսքերով, հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին բանակցությունները կայացել են մայիսի 12-ին Սթրասբուրգում` Եվրախորհրդի երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում: Նշենք, նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը ապրիլի վերջին Վարշավայում Եվրոպական տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումից հետո հայտարարել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը աշխուժացնելու անհրաժեշտության մասին: