Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով և ավազով: Այս մասին տարածած հայտարարությունում նշել են «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդաները, հավելելով, որ հանրային կանաչ տարածքի համար նախատեսված այդ գոտին «կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար»: Հայտարարությունում նաև ասվում է, որ քաղաքացին «ակնկալում է, որ քաղաքային իշխանությունները, ի վերջո, գլխի կընկնեն, որ կանաչ տարածքներին և ծառերին հատկացվող գոտիները պետք է հնարավորինս շատ լինեն հատկապես քաղաքի կենտրոնում, որտեղ արդեն այսօր էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել»: Նախաձեռնությունների անդամները դեմ են Երևանի կենտրոնում հանրային կանաչ տարածքների փոխարեն և դրանց հաշվին սրճարանների ավելացմանը: Նրանք խոստացել են նաև հետամուտ լինելու, որ «հանրային տարածքը ծառայի բացառապես որպես կանաչապատ և հանրային՝ ոչ առևտրային հանգստի կազմակերպման տարածք»:
«Գիտակցելով այս ամենը, ինչպես նաև խնդիրը դիտարկելով Մաշտոցի պուրակում բարձրացված արդարացի և հիմնավոր հարցերի շրջանակներում՝ պահանջում ենք անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվի և վերադարձվի հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի գոտի»:





