AM
15 Մայիս 2012 - 13:15 AMT

Սեյեդ Ալի Սաղաիան. Ճանապարհների վիճակը Հայաստանում էապես բարելավվել է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ, դեսպանի խնդրանքով, նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ընթացքը եւ նշել, որ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է էապես նպաստել երկու ժողովուրդների միջեւ բազմակողմանի շփումների , բարեկամական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Դեսպան Սաղաիանը իր հերթին ընդգծել է Հայաստանի ճանապարհների վիճակի էապես բարելավման, ինչպես նաև ճանապարհային նշանների խնդրի լուծման ուղղությամբ կատարված դրական քայլերը:

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում նրա պաշտոնավարման ընթացքում իրականացված համագործակցության համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: